Դպրոցի պատմությունը

Հայկաշեն  գյուղը  հիմնադրվել  է  1950թ․  նախկինում  այն անվանվել  է  Ղարղաբազար,  և  բնակիչները  թուրքեր  են  եղել։  Ներկայիս բնակիչների  պապերն  ու  հայրերը, հաշվի  առնելով  գյուղի  տեղանքի  բարենպաստությունը․  տեղահանվեցին  Մարտունու  շրջանի Մոլալու գյուղից  և  հիմնականում  բնակություն  հաստատեցին  Ղարղաբազարում՝ հետագայում  գյուղի  անունը  փոխելով  Հայկաշեն։  Այսօրվա բնակիչների  մեջ  շատ  քիչ  են  հին  հայկաշենցիները,  սակայն  նրանց  սերունդները  շատ  լավ  են  պատկերացնում  Մասիսի  հայացքի  ներքո  հիմնված  գյուղի  մեծ  խորհուրդը, սիրով  պահում  ու  պահպանում  են  իրենց  մեծերի ՝  ալաշկերտցիներին  հատուկ  սովորույթներն  ու  ավանդույթները։  Հայկաշեն  գյուղն  սկզբում  ունեցել  է  ութամյա  դպրոց,  որտեղ  կրթված ու  դաստիարակված  սերունդները  այսօր  էլ  համալրում  են  հայտնի  մտավորականների  շարքերը։  Հետագայում  գյուղի  բնակիչների  աճմանը  զուգընթաց  առաջացավ  նոր  դպրոց  կառուցելու  հարցը։  Գյուղի  բնակիչների  ջանքերով  և  անմիջական  մասնակցությամբ  կառուցվեց նոր  դպրոց։  1977-1978  ուսումնական  տարում  բացվեցին  Հայկաշենի  միջնակարգ  դպրոցի  դռները,  և  դպրոցն  ունեցավ  առաջին  շրջանավարտները։  Մինչև  1986-87ուս․  տարին  դպրոցը  ղեկավարում  էր  բազմավաստակ  մանկավարժ  Գուրգեն  Սիմոնի  Մարտիրոսյանը։  Հայկաշենի  միջնակարգ  դպրոցը տարածաշրջանում  միշտ  էլ  առանձնացել  է  բարձրագույն  մանկավարժական  կրթություն  ունեցող  ուսուցիչներով,  ովքեր  միշտ  համալրել  են  շրջանի լավագույն  ուսուցիչների  շարքերը։                                                            90-ականների  Արցախյան  ազատամարտը հայրենասիրական  բռնկում  առաջացրեց  Հայկաշեն  գյուղում։  Փոքրիկ  գյուղը  ազատամարտիկների  մեծաքանակությամբ  առաջինն  էր  տարածաշրջանում։  Ալաշկերտցիների  ու  մշեցիների  շառավիղները  առյուծի  ոգով  կռվեցին  մինչև  վերջ։  Պատերազմի  բովով  անցած  երկու  գեներալ` Սեդրակ  Ֆիրդուսու  Սարոյան  և  Գուրգեն  Գառնիկի  Մելքոնյան  (հետագայում ՝ փոխնախարար), բազմաթիվ  բարձրաստիճան  սպաներ:                                                             Ցավոք, հայրենիքի  սահմանները  պաշտպանելիս  մարտի  դաշտում  զոհվեց դպրոցի  շրջանավարտ  Գագիկ  Լյուդվիգի  Կիրակոսյանը։  Նա  գերազանցությամբ  ավարտել  էր Կ․  Մարքսի  անվան  պելիտեխնիկ  ինստիտուտն  ու  որպես  սպա  մեկնել  էր մասնակցելու  Արցախյան  գոյամարտին։  1994թ․  ապրիլի  19-ի  լուսաբացը  չարագուշակ  էր։ Հայկաշեն  գյուղն  ալեկոծվեց իր  սիրելի  զավակի  զոհվելու  բոթից։  Մեծ  հայրենականում  զոհված  44 մոլալեցիների հիշատակն  հավերժացնող  հուշարձանի  կողքին զոհված  հերոսի շիրիմն  է, որը  գյուղացիների  համար  դարձել  է ուխտատեղի։ Հայկաշենի  միջն․ դպրոցն  անվանակոչվեց Գագիկ  Լյուդվիգի Կիրակոսյանի  անունով։  Դպրոցի  ռազմագիտության  դասարանում  կա  անկյուն, որտեղ  աշակերտներն  իրենց  արիության  դասն  են  անցնում։  Դպրոց  մտնելիս հենց  առաջին  հարկում   քեզ  դիմավորում  է  հերոսի  մեծադիր  կտավը, որի  առջև  միշտ  թարմ  ծաղիկներ  են։  Դպրոցում  ավանդույթ  կա․ արդեն քանի տարի  սեպտեմբերի  1-ին  աշակերտներն  իրենց  արիության դասն անցկացնում  են  հերոսի  շիրիմին  այցելելով, իսկ  ապրիլի  19-ին՝ հերոսի  զոհվելու  օրը,  հիշատակի  միջոցառումներ  են  կազմակերպվում  Գագիկ  Կիրակոսյանի  անունը  կրող  կրթօջախում։                                                                                                                                                  Այսպես  շարունակ․ կրթօջախն  ապրում  է  իր  սովորական  առօրյայով  ու  բարի  ավանդույթներով։